Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հարակից տարածքում տեղի ունեցավ «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքը:

 

 

20.05

Ելույթ ունեցավ ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը, ով տեղեկացրեց, որ հաջոդ ուրբաթ՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում կազմակերպվելու է հանրահավաք: Նրա ելույթից հետո ավարտվեց հանրահավաքը և սկսվեց երթը:

 

 

19.54

Ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը.

Բոլորս միասին մեկ ճակատով պետք է ցույց տանք Սերժ Սարգսյանի տեղը: Այսօրվա ցույցի երիտասարդները հրաշալի մարդիկ են և մենք իրենց կողքին լինելու ենք մինչև հաղթանակ:

Ես կարծում եմ՝ կանգնած ենք մարտահրավերի առջև քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, տարբեր տիպի ճակատներ՝ հանկարծ Գյումրի չգաք առանց միասին լինելու: Ես պահանջում եմ՝ մյուս հանրահավքը լինի իրապես միասնական: Ես պատրաստ եմ առանց ոչ մի բանի թեկնածություն դնելու կանգնելու այս երիտասարդների կողքին:



19.40

Ելույթ ունեցավ Ազգային Ժողովի պատգամավոր Լևոն Զուրաբյանը.

«Ի՞նչ է այսօր կատարվում Հայաստանում. Այսօր Հայաստանում ոչ մի անսովոր բան չի կատարվում, ընդամենը Հայաստանի այսօրվա բռնապետը որոշել է երկարացնել իր իշխանությունը: Այս մարդը դառնալով չարիք Հայաստանի համար որոշել է, որ Սահմանադրությամբ իրեն տրված ժամկետը քիչ է և որոշում է ընդունել, որ չի գնալու և շարունակելու է իշխել Հայաստանի վրա:

Լևոն Զուրաբյանը բերեց նաև Չիլիի օրինակը, երբ ժամանակին իշխանության եկավ Ավգուստո Պինոչետը: Պատգամավորը նկատեց, որ թեպետ Պինոչետը շատ ավելի դաժան էր, բայց Չիլիի ժողովուրդն ընդունեց մարտահրավերը և միավորվեց «Ոչ»-ի շուրջ:

Սերժ Սարգսյանին՝ ոչ, թալանին՝ ոչ, արտագաղթին՝ ոչ, օլիգարխներին՝ ոչ, ընտրակեղծարարությանը՝ ոչ, մենաշնորհին՝ ոչ: Կեցցե ազատ, ժողովրդավարական Հայաստանը, որը ձեզ հետ միասին կստեղծենք «Ոչ»-ի միասնական ճակատով»:

 

 

18.50

Ելույթ ունեցավ Ազգային Ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը

Հիմա անեկդոտով եմ սկսում. Սերժ Սարգսյանը որոշել է բարեփոխել Հայաստանը, դարձնել դեմոկրատ, բոլորին վերադարձնել Հայաստան, բոլորդ ապրեք հարուստ, ազատ Հայաստանում: Չե՞ք հավատում՝ բա Մարգոն ինչո՞ւ է հավատում, բա Հայկ Բաբուխանյանը, Խոսրովը, Գեղամյան Արտաշը ինչո՞ւ են հավատում, չե՞ք հարցրել: Հավատացողներ կան և Սերժի հույսը սրանք են:

Երբ դրվեց հանրաքվեի, որոշում կայացրեք էլի՝ գնում ենք ու Սերժին ոչ ենք ասում:

 

 

18.45

Ելույթ ունեցավ նախաձեռնության անդամ Արմեն Գևորգյանը.

Համոզված ենք, որ քաղաքական պայքարի նոր շրջանի կայծը լինելու է Գյումրիից: Մենք Ձեզ հետ միասին պայքարելու ենք, որպեսզի թույլ չտանք հայտարարված մարդակենտրոն սահմանադրության փոփոխությունների միջոցով մեկ մարդուն հավերժ իշխելու հնարավորություն տրվի:

Սահմանադրական փոփոխությունների պարագայում շարունակվելու է արտագաղթը, տնտեսական անկումը, աղքատության աճը:

 

 

18.40

Ելույթ ունեցավ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը.

Այս գործընթացը լինելու է համահայկական, ազգային ազատագրական շարժում, որը ոչ միայն պետք է տապալի Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած այս գործընթացը, այլ պետք է տապալի ողջ ապօրինի իշխանությունը բոլոր մակարդակներում:

Մենք չենք պատրաստվում բռնությամբ իրենց տապալել, մենք այնպես ենք անելու, որ իրենք պարզեն սպիտակ դրոշը՝ սա է մեր նպատակը, որին հասնելու համար մեզ պետք է միասնություն: Միասնական գնում ենք տապալելու Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գործունեությունը:

 

 

18.30

«Շարժման նպատակն է տապալել Սահմանադրական փոփոխությունների գործընթացը և սկսել իշխանափոխության գործընթաց: Մենք ասում ենք՝ ո’չ սահմանադրական փոփոխություններին, մենք ասում ենք' ո’չ Սերժ Սարգսյանի վերարտադրությանը»,- իր ելույթի ընթացքում ասաց նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը