Բուլղարացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Անգել Ջամբազկին Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացրած գործողություներն ահաբեկչություն է համարում: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջամբազկին նշեց, որ կատարվածը պետք է անհապաղ եվրոպական կառույցների կողմից դատապարվի:
«Ես հավատում եմ, որ Լեռնային Ղարաբաղը հայերի հողն է: Այս կոտորածն ահաբեկչական գործողություն է: Սա բացարձակապես անընդունելի է եվրոպական տեսանկյունից: Ես կցանկանայի տեսնել, որ եվրոպական կառույցները շատ հստակ կգործեն' պաշտպանելու մարդու իրավունքները և աջակեցլու Հայաստանի անկախությանն ու ժողովրդավարությանը»,- ընդգծեց ԵԽ պատգամավորը:
Նա փաստեց, որ կատարվող իրադարձությունները փաստացիորեն պատերազմական գործողություններ են Հայաստանի դեմ: Ջամբազկին իր լիակատար աջակցությունը հայտնեց Հայաստանին' հաշվի առնելով նաև հայ և բուլղար ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը: «Սա ահաբեկչություն է Հայաստանի կառավարության և ժողովրդի դեմ: Եվրոպական հանձնաժողովը չպետք է կույր լինի, այլ պետք է աջակցի հայկական պետության ինքնիշխանությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում եզրափակեց Անգել Ջամբազկին:
Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը' վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են' 1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:
Սեպտեմբերի 25-ին' ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):