«Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը մեկ միասնական մարմնի առանձին մասեր են: Դա այդպես է այսօր, այդպես էր երեկ և այդպես էր 1000 տարի առաջ»: Այս մասին, մեկնաբանելով Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Վերջինս նշել է, որ վերջին տասնամյակների պատմական զարգացումներն են դարձել հայկական երկու առանձին պետությունների ձևավորման պատճառ: «Բայց բոլորս հասկանում ենք, որ հայկական երկու պետությունները մեր ժողովրդի հարստությունն են, իսկ դրանց միավորման հարցն ընդամենը ժամանակի խնդիր է»:

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցրել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանը նախկինում արդեն հայտարարել էր, որ բանակցությունների տապալման դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: «Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը փակուղու մեջ է: Այս առոմով Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարելի է ընկալել, որպես նախկինում հնչեցրած հայտարարությունը կյանքի կոչելուն ուղղված առաջին քայլ: Այսինքն՝ երկրի ղեկավարը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է երկու հայկական պետությունների վերամիավորման գործընթացին, ավելին՝ արդեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»,- նշել է Մելիք-Շահնազարյանը: