Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը սահմանային միջադեպերի կապակցությամբ հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ: «Վերջին շրջանում առավել ակտիվացել են ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքները' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ ունեցած սահմանային տարածքներում:
Մշտական կրակահերթերը, դիպուկահարների գործողությունները, դիվերսիոն բնույթի
ոտնձգությունները խլում են զինծառայողների եւ խաղաղ բնակչության բազմաթիվ կյանքեր:
Ադրբեջանը, շփացած նավթադոլարների հաշվին իրականացվող անհագ սպառազինումից, ինչպես նաեւ միջազգային հանրության ու մասնավորապես հակամարտության միջնորդ կողմերի ոչ համարժեք արձագանքից, մեր տարածաշրջանը նոր պատերազմի մեջ ներքաշելու իրական վտանգ է ստեղծել:
Ադրբեջանի մարտավարությունը մշտապես եղել է խուսափելը հակամարտության բոլոր կողմերի' Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ խաղաղ բանակցություններից, ինչպես նաեւ պատերազմի վերսկսման սպառնալիքով Հայաստանին ու Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու փորձերը: Այսպիսով Ադրբեջանը դարձել է բանակցությունները խափանող կողմ, ինչը հիմնական պատճառ է, որպեսզի հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց հակամարտությունը մնա չկարգավորված:
Իրադարձությունների վտանգավոր ընթացքը կանխելու նպատակով կոչ ենք անում' ադրբեջանական կողմին' հանդարտվել եւ հրաժարվել անպատասխանատու, սխալ հաշվարկված ձեռնարկումներից, որոնց հետեւանքը ծանր հատուցումն է' իր իսկ երկրի քաղաքացիների կյանքով: Համանախագահներին խորհուրդ է տրվում հրաժարվել ընդհանուր մատնանշումներից, որոնք իրական մեղավորին հնարավորություն են ընձեռում խուսափելու ստույգ պատասխանատվությունից եւ առիթ են տալիս լինելու առավել սանձարձակ:
Միաժամանակ, պահանջում ենք քայլեր ձեռնարկել վերականգնելու իրական բանակցություններ ապահովող եռակողմ ձեւաչափը' ԼՂՀ լիարժեք մասնակցությամբ, ինչպես նաեւ կողմերի միջեւ կնքել չհարձակվելու մասին եռակողմ համաձայնագիր: Կանխել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին զանգվածային ոչնչացման եւ այլ տեսակի զենքերի մեծաքանակ վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված ճիգերին:
Հ.Յ. Դաշնակցությունը համոզված է, որ ներկա պայմաններում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը խիստ անհրաժեշտություն է: Նման դաշինքը երկու հայկական պետությունների համար կստեղծի միջազգային իրավունքից եւ անվտանգության կենսական պահանջներից բխող իրավապայմանագրային անհրաժշտ հիմք' առավել արդյունավետ եւ համատեղ մարտավարություն եւ ռազմավարություն իրականացնելու համար:
Նոր պատերազմը կանխելու եւ նախահարձակ Ադրբեջանին գիտակցության բերելու հիմնական երաշխիքը եղել եւ մնում են երկու հայկական պետությունների ներդաշնակ զարգացումն ու հզորացումը, համայն հայության համախմբումը, հայոց բանակի անկոտրում ոգին ու բարձր մարտունակությունը»:
Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցից յուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված' բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:
Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: