Մի շարք անբարեխիղճ հայաստանյան կայքեր անխնա շարունակում են օգտվել սահմանին ադրբեջանական ագրեսիվ պահվածքից: Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

 

 

 

«Օրինակ, մի կայք, որը ի սկզբանե ստեղծվել էր արտասահմանում բիզնես անելու, այնտեղ գումար աշխատելու նպատակով, սկսել է տեղադրել Ուկրաինայում և Սիրիայում ռազմական գործողություններին վերաբերվող տեսանյութեր՝ ներկայացնելով դրանք որպես հայկական կամ ադրբեջանական», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Տիգրան Քոչարյանը:

 

 

Մասնագետը նշեց, որ նման նյութերի վտանգն այն է, որ հայկական բանակին վերագրելով կեղծ տեսանյութ, այդ կեղծիքը շատ արագ կարող է հայտնաբերվել հակառակորդի կողմից, ինչի արդյունքում այն կարող է այնպես կիրառել այդ տեղեկությունը, որ հայ բնակչության մոտ առաջանա հուսալքություն սեփական բանակի նկատմամբ:

 

 

Տիգրան Քոչարյանը կրկին հիշեցրեց, որ ցանցը և հատկապես Ֆեյսբուքը ողողված է ադրբեջանցիներով, ովքեր, կիրառելով թարգմանիչ գործիքները կամ տիրապետելով հայերենի, փորձում են առաջացնել խուճապային տրամադրություններ Հայաստանում կամ զզվանք Արցախի բնակիչների, հայոց բանակի նկատմամբ:

 

 

«Ցավոք, շատ մեր լրատվամիջոցներ չեն հետևում իրենց տեղադրած նյութերի տակ արվող մեկնաբանություններին, որտեղ հուսալքման և արտագաղթի կոչեր են արվում: Մի քանի նման օգտատերերին հետևելիս հասկանալի է դառնում, որ դրանք վերջերս են գրանցվել և գաղտնիք չի, թե ում կողմից»,- հավելեց Տիգրան Քոչարյանը:

 

 

Տեղեկատվական անվտանգության մասնագետը ցավով նշեց, որ շատ հայ լրատվամիջոցներ անգիտակցաբար շարունակում են տարածել ադրբեջանական քարոզչությունը, ինչի մասին բազմիցս ասվել է: Նա մեկ անգամ ևս խնդրեց ադրբեջանական աղբյուրների հոդվածները չտարածել կամ տարածումից առաջ շեշտել, որ դա ադրբեջանական քարոզչության գործիք է: