Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում նկատվում է ակտիվացում Ադրբեջանի կողմից: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայ օգտատերերին հորդորեց սոցիալական ցանցերում զգուշավոր լինել:
«Ինչպես գիտեք, սոցիալական ցանցերում հայ օգտատերերի հաշիվների վրա զանգվածային հարձակում եղավ հունվարին: Քանի որ այդ օրերին հայկական մեդիան խոսում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացրած ջարդերի մասին, Ադրբեջանն էլ փորձում էր նման գործողություններով ստվերել այն: Հիմա այս ուղղությամբ ադրբեջանական կողմից ակտիվություն նկատվում է, հետևաբար խորհուրդ կտամ սոցիալական ցանցերում լինել առավել զգուշավոր, անհասկանալի նամակների հղումներին պետք չէ սեղմել»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը նշեց, որ Ադրբեջանն ակտիվացել է նաև լրատվական դաշտում, այս օրերին հակահայկական կեղծ տեղեկատվություն է տարածում մի շարք երկրների, այդ թվում, Ռուսաստանի լրատվամիջոցներով: Դրանից բացի մեծ ֆինանսական ռեսուրսներ են ներդրվել այդ կեղծ տեղեկատվություն պարունակող նյութերը սոցիալական ցանցերով, գովազդի միջոցով տարածելու համար: Սումգայիթի հետ կապված մի քանի սցենար են փորձարկում՝ ակնհայտ կեղծ, անհիմն նյութեր տարածելով:
«Բավական լայն տարածք են վերցրել, նույնիսկ այնպիսի հատվածներում են այդ նյութերը տարածում, որտեղ գրեթե չգիտեն Հայաստանի ու Ադրբեջանի մասին: Շեշտադրել են Կարիբյան կղզիներում գտնվող փոքրիկ պետությունները, որտեղ, երևի թե, չգիտեն, թե քարտեզի վրա որտեղ է Հայաստանը և Ադրբեջանը»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետը նկատեց, որ չնայած Ադրբեջանի ակտիվ քարոզչությանը, ամեն դեպքում այն ունի լուրջ խնդիր, որի անունը Իլհամ Ալիև է:
«Այդ անձնավորությունը վերջին տարիներին այնքան է վարկաբեկվել որպես կոռումպացված, բռնապետ, որ լուրջ խնդիր է դարձել իրենց քարոզչական աշխատանքում: Այս ամենի ֆոնին հակահայկական քարոզչությունը կարծես երկրորդ պլան է մղվում, որովհետև շատ կարևոր է, թե ով է խոսում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Խոսելով հայկական լրատվադաշտում տիրող իրավիճակից՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ հայկական մամուլը հիմա շատ ողբերգական վիճակում է: Որոշ լրատվամիջոցներ ներգրավված են ներքաղաքական ճղճիմ պատերազմի մեջ:
«Ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումները եթե այսօր մեր հարթակ ներթափանցում են, ապա դա արվում է միտումնավոր, որովհետև այդ պահին ներքաղաքական պատվիրատուի շահերը համընկնում են ներքաղաքական թեզերի հետ: Ցավոք, ներքաղաքական իրավիճակը բավական լուրջ խնդիր է այս դաշտում»,-ասաց փորձագետը