«Ինտեր ՌԱՕ»-ի և հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի միջև Հայաստանի էլեկտրաէներգետիկական ակտիվների առք ու վաճառքի պայմանագրի ստորագրման վերաբերյալ հաղորդումը չեղյալ է հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Գործակալությունը ճշտում է, որ հաղորդագրությունն ընկերության խնդրանքով չեղյալ է հայտարարվում «այն բանի կապակցությամբ, որ մամուլի տեղեկագիրը սխալմամբ է զետեղվել նրա կայքում»:

 

Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով «Ինտեր ՌԱՕ»-ի հաղորդագրությանը, գրել էր, որ «Հայաստանի էլեկտրացանցերը» վաճառված են «Տաշիրին»: Գործարքի գումարը չէր բացահայտվում: Նշվում էր, որ գործարքը կավարտվի Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո:

 

Այն մասին, որ «Հայաստանի էլեկտրացանցերի» գնորդը կդառնա «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը, սեպտեմբերի 18-ին հաղորդել էր «Կոմերսանտ» թերթը: Հրատարակությունը նշել էր, որ Հայաստանի կառավարության հավանությանն արժանանալու դեպքում գործարքը կարող է փակվել արդեն հոկտեմբերի վերջին:

 

Թերթի տվյալներով՝ սեպտեմբերի 17-ին նիդեռլանդական Inter RAO Holding B.V.-ը (մտնում է «Ինտեր ՌԱՕ»-ի մեջ) Հայաստանի կառավարությանը հայտնել էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բոլոր բաժնետոմսերը Կիպրոսի Liormand Holding ltd-ին վաճառելու պլանների մասին: