Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերի 1-ին շուրջ մեկ ժամ քննարկել են այն հարցը, թե ինչպես պատահական կոնֆլիկտներ թույլ չտան Սիրիայում երկու երկրների գործողությունների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

 

«Այսօր բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև: Դրանք տևել են մոտավորապես մեկ ժամ»,- ասել է նա բրիֆինգի ժամանակ:

 

Էռնեստը հավաստել է, որ բանակցությունների նպատակն այն է, որ կողմերը Սիրիայում ծայրահեղականներին հարվածներ հասցնելիս վտանգներ չստեղծեն միմյանց համար:

 

«Դրանք առաջին բանակցություններն են: Կարծում եմ, որ կլինի նման շփումների մի ամբողջ շարք»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: