Շաբաթ օրը մոտ 200 հազ․ մարդ դուրս է եկել Գերմանիայի փողոցներ, որոնց մեծ մասը մայրաքաղաք Բեռլինում․ համազգային բողոքի ցույցերը ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության դեմ արդեն չորրորդ շաբաթն է, ինչ շարունակվում են, հայտնում է Reuters-ը։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մայնցը, Դրեզդենը և Հանովերը՝ ի նշան ԱԳՀ-ին հանրային ուժեղ աջակցության առիթով աճող տագնապի:

Մոտ 150 հազ․ մարդ հավաքվել է Բեռլինում Ռայխստագի խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելու աջ ծայրահեղականության դեմ և աջակցություն ցույց տալու ժողովրդավարությանը։

«Էյզենախում, Համբուրգում թե Բեռլինում, երկրի փոքր ու մեծ քաղաքներում բազմաթիվ քաղաքացիներ հավաքվում են, որպեսզի ցույց անցկացնեն ընդդեմ մոռացության, ատելության և թշնամության հրահրման», - գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը X-ի իր միկրոբլոգում:

Ըստ նրա, բողոքի ցույցերը «ուժեղ նշան էին հօգուտ ժողովրդավարության և մեր սահմանադրության»:

ԱԳՀ-ի հաջողությունը անհանգստություն է առաջացրել Գերմանիայի հիմնական կուսակցությունների շրջանում, որոնք մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել սեպտեմբերին Արևելյան Գերմանիայում երեք նահանգային ընտրությունների ձախողմանը, թեև վերջին հարցումները ցույց են տվել ԱԳՀ-ի աջակցության մի փոքր անկում:

Ըստ հարցումների, ԱԳՀ-ն մնացել է երկրորդ տեղում՝ զիջելով 32% ունեցող հիմնական ընդդիմադիր պահպանողականներին, իսկ Շոլցի ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատները՝ 15%-ով, երրորդ տեղում են։

Բողոքի ցույցերը հետևել են անցյալ ամիս հրապարակված տեղեկություններին, ըստ որոնց ԱԳՀ-ի երկու բարձրաստիճան անդամներ մասնակցել են մի հանդիպման, որը քննարկել է օտարերկրյա ծագմամբ քաղաքացիների զանգվածային արտաքսման ծրագրերը: ԱԳՀ-ն հերքում է դա և հայտարարում, որ այդ առաջարկը չի արտացոլում կուսակցության քաղաքականությունը: