Գերմանիայում առնվազն 34 մարդ է տուժել ատրակցիոն գնացքների բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ գերմանական dpa գործակալությանը հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսի 11-ին Գյունցբուրգի Legoland զվարճանքի պուրակում։ Այգու ներկայացուցիչը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել Fire Dragon ատրակցիոն կայանում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գնացքներից մեկը կտրուկ արգելակել է, ապա բախվել է իրեն հետևող գնացքին։
Դեպքի վայր են ժամանել երեք փրկարար ուղղաթիռ, հրշեջ-փրկարարական ծառայություններ և բժիշկներ։ Հաղորդվում է, որ տուժածներից երկուսի վիճակը ծանր է։