Գերմանիայի Կոբլեց քաղաքի մոտ 10 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները' Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբի հայտնաբերման պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել են քաղաքային իշխանությունները:

 

Ռումբը կշռում է մեկ տոննա, այն հայտնաբերվել է օգոստոսի 27-ին, շինարարական աշխատանքների ժամանակ: Երբ բնակիչների տարհանումն ավարտվի, սակրավորները կփորձեն չեզոքացնել վտանգը:

 

Երկրորդ համաշխարհային պատերզամի ընթացքում, ընդհանուր առմամբ, Գերմանիայի տարածք են նետվել ավելի քան 2 մլն ռումբեր, որոնց 20 տոկոսը չի պայթել: Ժամանակ առ ժամանակ այդ պայթուցիկ սարքավորումները հայտնաբերվում են շինարարական աշխատանքների, ճանապարհների կամ նոր շենքների կառուցման ժամանակ: Որպես կանոն, այդ ռումբերը վտանգ չեն ներկայացնում, սակրավորները դրանք վնասազերծում են մի քանի ժամում: