Գերմանիայի մի ամբողջ շարք քաղաքներում՝ երկրի հյուսիսի Ռոստոկից մինչեւ հարավի Մյունխեն, ակցիաներ են անցկացվել ի պաշտպանություն դավանանքի ազատության եւ հանդուրժողության, ինչպես նաեւ ընդդեմ իսլամատյացության եւ ԳՖՀ-ում թափ առնող «Եվրոպացի հայրենասերները դեմ են Հին աշխարհի իսլամացմանը» (PEGIDA) շարժման: Դրանք հավաքել են շուրջ հ արյուր հազար մարդ: Միայն Լայպցիգում, կազմակերպիչների տվյալներով, ցույցին մասնակցել է 30 հազար մարդ, Բավարիայի մայրաքաղաքում՝ մոտավորապես 20 հազար, Հաննովերում՝ շուրջ 17 հազար մարդ:
«Մենք բողոքում ենք ռասիզմի, հակասեմիտիզմի եւ ծայրահեղ աջ բռնության ցանկացած դրսեւորման դեմ,- ցույցի ընթացքում հայտարարել է Մյունխենի քաղաքագլուխ Դիտեր Ռայթերը:- Մենք կանգնած ենք այստեղ, որպեսզի այս վայրը չթողնենք նրանց, ովքեր փորձում են պառակտել մեր հասարակությունը»:
Ակցիաների մասնակիցները հարգել են Փարիզում կատարված ահաբեկիչական գործողությունների զհերի հիշատակը: Պլակատների վրա կարելի էր տեսնել «Մենք Շառլին ենք», «Հանգիստ թողեք մեր մուսուլմաններին», «Ազատություն եւ հանդուրժողություն» կարգախոսները:
Մինչդեռ Դրեզդենում PEGIDA-ի կազմակերպած երթին, որը դարձել է թվով 12-րդը, 25 հազար մարդ է մասնակցել: Լայպցիգում կայացած ցույցին, ոստիկանության տվյալներով, մասնակցել են հակաիսլամական շարժման մոտավորապես 4,8 հազար կողմնակիցներ: Նրանք պահանջել են ուղղումներ կատարել Գերմանիայի օրենսդրության մեջ եւ սահմանափակել ներգաղթյալների հոսքը երկիր:
Ինչպես նշել են իրավապահ մարմիններում, ակցիաների մեծ մասը խաղաղ բնույթ է կրել: Միայն առանձին դեպքերում է բանը հասել ցուցարարների տարբեր խմբերի ներկայացուցիչների ընդհարումներին:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հունվարի 13-ին Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ, տեղի կունենա ընդգրկուն ակցիա՝ հաջակցություն հանդուրժողության, կարծիքների արտահայտման եւ դավանանքի ազատության, որին կմասնակցեն ԳՖՀ-ի նախագահ Յոահիմ Գաուկը, կանցլեր Անգելա Մերկելը, երկրի կառավարության անդամներ: