Հայրենական մեծ պատերազմի 69-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հաղթանակի շքերթը Սիմֆերոպոլում միավորել է շուրջ 100 հազար մարդու: Այս մասին հայտնել է Հանրային և տեղեկատվական հաղորդակցության նախարար Դմիտրի Պոլոնսկին: «Սիմֆերոպոլն առաջին անգամ է նման մասշտաբով նշում Հաղթանակի օրը: Քաղաքում անցկացված միջոցառումներին մասնակցել է մոտ 100 հազար մարդ, իսկ ամբողջ Ղրիմում մոտ 300 հազարը»,- ասել է Պոլոնսկին:

 

Հաղթանակի շքերթը Սիմֆերոպոլում տևել է մոտ երկու ժամ: Առաջին դեմքերի և պատերազմի վետերանների մասնակցությամբ շքախումբն անցել է կենտրոնական փողոցներով և հասել անհայտ զինվորի հուշարձանի մոտ:

 

Շքերթից հետո վետերանների համար կազմակերպվել էր զինվորական նախաճաշ ավանդական «ֆրոնտային 100 գրամ» խմիչքով: Առաջին բաժակը վետերանների հետ բարձրացրել է նաև Ղրիմի պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը և Նախարարների խորհրդի անդամ Սերգեյ Ակսյոնովը:

 

Պաշտոնյաները հավաստիացրել են, որ իրենք ոչ մեկին թույլ չեն տա խեղաթյուրել Հայրենական Մեծ պատերազմի պատմությունը:

 

Մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում բնակիչների 96 տոկոսը կողմ է քվեարկել ՌԴ-ի հետ միավորմանը: Մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հրամանագիր և ճանաչել Ղրիմի անկախությունը: Միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքներն ու որոշակի պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ: