Պարտված ազգը միշտ փորձում է վիրավորել: Մենք չպետք է անդրադառնանք իրենց խոսքերին և լուրջ վերաբերվենք, քանի որ անընդհատ գրելու են և անիմաստ ու աննպատակ խոսելու են: Մենք հաղթել ենք, մենք ավել ապացուցելու բան չունենք: Հաղթել ենք 1993 թվականին և հաղթել ենք այս օրերին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց կիոկուսին կարատեի աշխարհի չեմպիոն հռչակված՝ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը:
Հոկտեմբերի 3-4-ին Խաբարովսկում տեղի ունեցած կիոկուսին կարատեի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ արցախցի Արթուր Առուշանյանը դարձել էր չեմպիոն: Մարզիկը պարգևատրման ժամանակ բեմ էր բարձրացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով: Դրոշը կարված էր նաև մարզահագուստին, որի վրա կար նաև անմոռուկ: Ադրբեջանական մամուլի հիստերիան, ինչպես միշտ, երկար սպասել չէր տվել: Մասնավորապես, ադրբեջանցիները վիրավորել էին երկրորդ հայկական պետության դրոշը և գրել, որ իրենց ներկայացուցիչները չեն նկատել, որ մեր մարզիկն Արցախի դրոշով է ներկայացել:
«Ես մեդալ ստանալիս բարձրացա ԼՂՀ դրոշով, պարգևատրման ժամանակ՝ բացեցի դրոշը, իսկ հիմնի ժամանակ ձեռքս այնպես մեկնեցի, որ երևա միայն եռագույնը: Փորձեցի անակնկալ կերպով ներկայացնել դրոշը: Այն երկիմաստ էր՝ Հայաստանը և ԼՂՀ-ն միասնական են: Մարզահագուստիս վրա կարված՝ Լեռնային Ղարաբաղի դրոշը 2011 թվականից կա մինչ այսօր, և դրոշի հարցով ընդհանրապես քննադատություն չի եղել: Միայն այս առաջնությանն առաջին անգամ Ադրբեջանը մեկնաբանեց: Գրել են, որ իրենց մարզիկները և ներկայացուցիչները չեն նկատել դրոշը, սակայն իրենց ներկայացուցիչը շատ վաղուց տեսել է և գիտի, որ իմ մարզահագուստի վրա Լեռնային Ղարաբաղի դրոշն է կարված, սակայն արձագանք մինչ այս չի եղել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց մարզիկը՝ հավելելով, որ դահլիճում նույնպես որևիցե արձագանք չի եղել:
Խոսելով մրցումների ժամանակ հայ և ադրբեջանցի մարզիկների միջև իրավիճակին՝ աշխարհի չեմպիոնը նկատեց.
«Ընդհանրապես, մրցումների ժամանակ հայերի և ադրբեջանցիների միջև լարվածություն չի եղել: Միակ բանը, որ զգացել եմ, այն է, որ եզրափակիչ փուլում ղազախ մարզիկի հետ մենամարտի ժամանակ ադրբեջանցիները փորձում էին խանգարել մեր մեդալ նվաճելուն: Կողային մրցավարն ադրբեջանցի էր, և ղազախ մարզիկի կողմից չթույլատրվող հնարքների ժամանակ ցույց էր տալիս, որ չթույլատրվող հնարք չկա, իսկ մյուս 4 մրցավարները խիստ նկատողություն տվեցին ղազախ մարզիկին: Միավորներ տալու ժամանակ ադրբեջանցի մրցավարը ցույց տվեց ոչ-ոքի արդյունքը, մյուսները հաղթանակը տվեցին ինձ»:
Այն հարցին, թե արդյոք ԼՂՀ դրոշը բարձրացնելու համար մարզիչը նկատողություն ստացե՞լ է կազմակերպիչներից, Արթուրն ասաց.
«Ոչ, ոչինչ չի եղել և կարծում եմ՝ չի էլ լինի: Օրինակ՝ նախորդ առաջնության ժամանակ Ռուսաստանի մարզիկներն իրենց քաղաքների դրոշներն էին հանում: Կազմակերպիչները դժվար թե այս քայլս սադրանք համարեն, քանի որ իմ պահվածքով ոչ մեկին չեմ վիրավորել: Նույնիսկ ՌԴ-ի փոխվարչապետը, ով պարգևատրեց ինձ, ասաց, որ ապշած է և իր համար հաճելի է, որ տեխնիկան և համեստությունը համատեղված են»:
Խոսելով տպավորությունների մասին՝ մարզիկը հավելեց, որ տպավորությունները շատ մեծ էին, քանի որ կազմակերպչական աշխատանքները շատ բարձր մակարդակի էին, և մրցակցություն այս անգամ ավելի բարձր է եղել: