ՆԱՏՕ-ն մտահոգված է Սիրիայում Ռուսաստանի կռուիզ հրթռիների հարվածների ընդլայնմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Մենք մտադիր ենք վերլուծել Սիրիայում տիրող իրավիճակը: Մենք տեսնում ենք Սիրիայում Ռուսաստանի հնարավորությունների զգալի աճ, հետևում ենք օդային հարվածներին և տեսնում ենք հրթիռակոծությունները, Թուրքիայի օդային տարածքը հատելու դեպքերը: Այս ամենը մտահոգության տեղիք է տալիս»,- նշել է նա՝ ավելացնելով, որ իրենք կապի մեջ են թուրքական կողմի հետ, և այսօր տեղի կունենա հանդիպում Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ, որի ընթացքում կքննարկվի ներկայիս իրավիճակը:
Ստոլտենբերգի խոսքով, իրենց հատկապես մտահոգում է, որ Ռուսաստանը հարվածում է ոչ այնքան ԻՊ-ի դիրքերին, որքան աջակցում է Բաշար ալ Ասադի համակարգին: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի, այլ ոչ թե Ասադին օժանդակելու վրա»,- նշել է գլխավոր քարտուղարը:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է ռմբակոծել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերը: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից: