Անհրաժեշտ է Ռուսաստանի հետ միասին Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծում գտնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էստոնիայի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք պետք է փորձենք հակամարտության խաղաղ լուծում գնտել բանակցությունների ճանապարհով: Ռուսաստանն ունի ընտրություն՝ դառնալ խաղաղ համաձայնության մասնակից կամ գնալ մեկուսացման ուղիով: Մենք հրավիրում ենք Ռուսաստանին՝ դառնալ խաղաղ համաձայնագրի մասնակից»,- ասել է Ստոլտենբերգը Էստոնիա այցի նախօրյակին:
Իսկ Էստոնական Delfi հրատարակությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական անգամ Ռուսաստանին մեղադրել է Մինսկի համաձայնությունները խախտելու, աշխարհազորայիններին զենք մատակարարելու, ինչպես նաեւ անվտանգության եվրոպական համակարգը խարխլելու մեջ: «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը քանդում է կաոնների վրա հիմնված համակարգը: Այդ համակարգը երկար տարիներ եղել է Եվրոպայի անվտանգության հիմքում: Ռուսաստանը դա անում է՝ խախտելով միջազգային իրավունքը, անհարգալից վերաբերվելով միջազգային պարտավորություններին»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ հենց Մոսկվայի քաղաքականությունն է, որ ՆԱՏՕ-ին ստիպում է ամրապնդել հավաքական պաշտպանությունը: «Դա մեր զինված ուժերի համար հնարավորություն է ստեղծում ավելի լավ նախապատրաստվել ՆԱՏՕ-ի սահմանների մոտ նոր, վտանգավոր իրադրությանը հակազդելուն»,- նշել է նա: