ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում, կոչ է արել անհապաղ բաց թողնել Իրաքի Մոսուլ քաղաքում թուրքական հյուպատոսարանի գերի վերցված աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերջինիս հետ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնել Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ: «Ես քննադատում եմ Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա գործած անընդունելի հարձակումը և կոչ անում, որ պատանդ վերցված թուրք դիվանագիտական ներկայացուցիչները և անվտանգութան աշխատակիցներն անհապաղ ազատ արձակվեն»,- հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

 

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման գրոհայինները հունիսի 11-ին գրավել են Իրաքի հյուսիսի Մոսուլ քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսությունը, պատանդ վերցրել գլխավոր հյուպատոս Օզթուրք Յըլմազին և ևս 49 աշխատակիցների, այդ թվում' հյուպատությունը պաշտպանող 30 թուրք ոստիկանների: