Սիրիայում քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ է բոլոր առանցքային խաղացողների մասնակցությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում հարցազրույցի ժամանակ։
Նա քննադատել է ռուսական ռազմավարությունը Սիրիայում՝ անվանելով այն սխալ:
«Քանի դեռ Ասադը գտնվում է իշխանության ղեկին, դժվար կլինի միավորել սիրիական չափավոր ընդդիմության ուժերը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում»,- ասել է նա:
ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ, և սուննի բնակչությունը պետք է միանա պայքարին՝ կարծում է ԱՄՆ նախագահը: Օբաման վստահ է, որ սիրիական խնդիրը ռազմական միջոցներով չի կարող լուծվել։
«Մենք գիտեինք, որ Ռուսաստանը ծրագրում է ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիային, քանի որ վախեցել է, որ Ասադի ռեժիմը կփլուզվի»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում Սիրիա և Իրաք ցամաքային զորքեր ուղարկել, սակայն կշարունակի այնտեղ ռազմաօդային գործողությունը: