Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի դահլիճը լի էր ունկնդիրներով: Այստեղ էին հավաքվել տարբեր հետաքրքրությունների տեր անձինք՝ լսելու սպասված և բացառիկ դասախոսություն հայկական ոսկեդարի և հայոց գրերի մասին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Թարգմանչած տոնի առթիվ կազմակերպված դասախոոսության ընթացքում խոսեց հայոց գրերի կարևորության և գրական արժեքի մասին:
Սրբազան հայրը պատմական ակնարկի տեսքով ներկայացրեց հայոց Ոսկեդարը:
«Եթե դուք ոսկեդար չգիտեք՝ կասկածելի հայ եք, որովհետև ձեր ինքնության հետ կապ չունեք: Ազգանունը հայկական է, հայերեն է խոսում, բայց արժեքների կրողը չէ, այդպես չի գործում և այդպես չի մտածում, ինչքանո՞վ է հայ, լիարժեք իմաստով՝ թերի: Մենք ոսկեդարի ժառանգներն ենք, բայց ինչքանով մենք հավատարիմ ենք, կապված ու լցված հայ ժառանգությամբ, այնքանով էլ որակական հայ ենք, ոչ թե՝ միայն էթնոսով»,- ասաց սրբազան հայրը:
Դասախոսոթյան ընթացքում նկատեց, որ նախքան գրերի ստեղծումը քրիստոնեությունն անհասկանալի է եղել ժողովրդական զանգվածներին: Բանավոր խոսքը բավարար չէր և անհրաժեշտություն կար հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, այդ կերպ՝ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին:
Դասախոսությանը ներկա էր նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, ով խոսեց «Գիրը որպես հայ բանաստեղծական արվեստի ձևավորման նախապայման» թեմայի շուրջ: