Օրեր շարունակ հանրության լայն շերտերի քննարկումների գլխավոր թեման հայ առաքելական եկեղեցին ու նրա սպասավորներն են: Քաղաքական բարձր ամբիոններից սկսած մինչև ֆեյսբուքյան ամենատարբեր օգտատերեր քննադատեցին ու վերլուծեցին նախ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությունը, ապա Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առաջադրված մեղադրանքը: Երկու թեմաները սերտաճելով՝ դարձան համընդհանուր քննադատական ալիք՝ ուղղված եկեղեցու դեմ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը ստեղծված իրավիճակի մասին զրուցել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:
-Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն օրեր առաջ մտահոգություն էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության վերաբերյալ և հորդորել էր փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Քաղաքական բազմաթիվ գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ կաթողիկոսին քննադատեցին քաղաքականացված հայտարարություններ անելու մեջ: Դուք ինչպե՞ս եք վերաբերում Կաթողիկոսի հայտարարությանը, և արդյոք արդարացվա՞ծ են նրան ուղղված քննադատությունները:
-Նախ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Սուրբ Հարության Ավետիսով. Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Առաջին, քննադատել կարող է յուրաքանչյուրը՝ հավանել կամ չհավանել, բայց հատկապես պետական քաղաքական գործիչը իրավունք չունի նման կերպ խոսելու իր հանգամանքից բխած: Կարող են ցավ ապրել, չհամաձայնել, սակայն այդ բոլորը՝ զսպվածության սահմաններում՝ գնահատելով իրենց իսկ զբաղեցրած դիրքն ու կոչումը: Երկրորդ, Վեհափառ Հայրապետի հայտարարությունը հատվածաբար ներկայացնելը և թյուր մեկնաբանելը առնվազն սխալ է, եթե չասենք, որ մեղք է: Հայտարարությունն արված է համավարակի համատեքստում՝ բոլորի վերաբերյալ: Երրորդ, հարցը պետք է դիտարկել բարոյագիտական և ոչ թե քաղաքական հարթության մեջ։ Հայտարարության մեջ ո՛չ գնահատական կա տրված և ո՛չ էլ հարկադրանք կամ պարտադրանք' ուղղված որևէ մեկին: Կարծում եմ' հասցեատերն էլ քաղաքական գործիչները չէին: Իրենք քաղաքականացրեցին և քաղաքական բովանդակություն հաղորդեցին' տեղի տալով այս անհարկի իրավիճակին: Եվ վերջապես, Հայոց Հայրապետի լիարժեք իրավունքն է խոսել որևէ հարցի մասին կամ չխոսել, և որևէ մեկի թելադրանքով կամ պարտադրանքով այն չի կարող պայմանավորված լինել:
-Կաթողիկոսի հայտարարությանը հաջորդեց եկեղեցու հետ կապված նոր, ավելի ծավալուն քննարկում առաջացնող թեմայի օրակարգ դուրս բերվելը: ԱԱԾ-ում քննվող «օֆշորի գործով» մեղադրանք առաջադրվեց Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Չնայած՝ Կճոյանը մեղադրանքը չի ընդունել, այնուամենայնիվ, նրա մասին խոսակցություններն ու մեղադրանքները չեն դադարում: Ընդունելի՞ է արդյոք հասարակության այսպիսի պահվածքը հոգևորականի նկատմամբ: Կճոյանին ճանաչո՞ւմ եք անձամբ, ինչպե՞ս եք մեկնաբանում իրավիճակը, որի մեջ հայտնվել է նա:
-Նախ այս առիթով Մայր Աթոռը հայտարարությամբ հանդես է եկել, և ես ավելացնելու բան չունեմ։ Դարձյալ հրավիրում եմ հարգելու մարդու անմեղության կանխավարկածը և դադարեցնելու շահարկումները: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես հոգևորականների նկատմամբ հասարակության կամ, ավելի ճիշտ, հասարակության մի մասի նման պահվածքին, դրանք եղել են ու շարունակելու են լինել՝ անկախ նրանից, թե ով ինչ ակնկալիք ու նպատակ ունի: Մի առիթով խնդրել եմ, որ աղոթեք մեզ համար՝ ձեր հոգևորականների համար, որպեսզի մենք չսայթաքենք և չսխալվենք, որպեսզի չվնասենք ձեզ:
-Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով բազմաթիվ քաղաքացիների անունից, հայտարարեց, որ ժամանակն է փոխելու Ամենայն հայոց կաթողիկոսին: Միաժամանակ, մենք գիտենք, որ Կաթողիկոսը ցմահ է ձեռնադրվում։ Արդյո՞ք քաղաքական գործիչն իրավունք ունի այսպիսի հայտարարությամբ հանդես գալու, և չի՞ պարունակում նրա խոսքը պառակտման վտանգ հավատացյալ ժողովրդի համար:
-Ես կարծում եմ այս մասին արդեն նշեցի, և նույն ոճի հանգույն՝ ոչ ես, ոչ էլ որևէ մեկը չենք պատրաստվում մեկնաբանել որևէ մեկի «հույսերն ու ցանկությունները» ընդհանրապես: Մենք ապրում ենք և գործում ենք, և դա մեր կյանքի հավատամքն է բաժանարար գծերի վերացման, միասնության, հասարակական հանդուրժողականության, ապաշխարության և հաշտության, մեր պետության և պետականության զորացման, մեր Սուրբ Եկեղեցու արաքելության և Տիրոջ Խոսքի քարոզչության և սիրո հաղթանակի համար: Մնացածը ավելորդ է և չարից:
-Ընդդիմադիր ուժերը նոր իշխանությանը մեղադրում են հակաեկեղեցական պահվածքի և հոգևորականների դեմ անընդհատ ինչ-որ արշավներով հանդես գալու մեջ: Արդեն երկու տարի անցել է իշխանափոխությունից, դուք նկատե՞լ եք ակնհայտ արշավ, որով իշխանությունը փորձել է արատավորել հոգևորականի և եկեղեցու բարի համբավը: Եթե այո, ապա ինչո՞ւ է դա արվում: Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք մեկնաբանում անընդհատ ակտիվացող թեմաները, որոնցում քննադատության առարկան հայ եկեղեցին ու սպասավորներն են:
-Ես բազմաթիվ առիթներով նշել եմ, շեշտել եմ և շարունակում եմ շեշտել՝ հալածանքը յուրաքանչյուր քրիստոնյայի նշանն է, և, հետևաբար, եկեղեցու և եկեղեցականի այս աշխարհում նույնպես: Այն եղել է և շարունակվելու է լինել՝ մեր Տիրոջ ժամանակից սկսած: Ժամանակ առ ժամանակ դրանք կշատանան կամ կնվազեն, բայց երբեք էլ չեն դադարի: Սա Եկեղեցու ճանապարհն է: Եվ պարզապես ցանկանում եմ խոսքս ամփոփել առաքյալի պատգամով, ըստ որի՝ մենք շարունակելու ենք ապրել և գործել, որպեսզի «դադարեն օտար վարդապետություններ ուսուցանելուց և չզբաղվեն սկիզբ ու վերջ չունեցող առասպելներով և ազգահամարներով, որոնք վեճերի դուռ են բացում՝ փոխանակ օգնելու մարդկանց հավատի և Աստծու ծրագրերի իրականացմանը: Գերագույն պատվիրանը սերն է՝ անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը: Այս պատվերը մոռացության տված, դատարկ վեճերի մեջ մտնելով՝ շատերը վեր են կացել օրենք սովորեցնելու մեզ. մինչդեռ ո՛չ իրենց ասածն են իմանում, ո՛չ էլ Աստծու օրենքը, որի մասին ճառում են մեծ վստահությամբ» (Ա ՏԻՄ. 1:3-8):