Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանն Ուելսի արքայազն Չարլզի հետ հանդիպմանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում քրիստոնեության առջև ծառացած մարտահրավերներին և ահազանգել է դրանց մասին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի հետ:


Միջոցառմանը մասնակցել են աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բարերար Վաչե Մանուկյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

Եկեղեցում կայացած հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Իր ելույթում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շեշտել է արքայազն Չարլզի և Հայաստանի ու հայության միջև առկա բարեկամական կապերի նշանակությունը:

Արքայազն Չարլզը հանդես է եկել ուղերձով: