Գերմանացի սոցիալ-դեմոկրատ, սոցիալիստների ու դեմոկրատների եվրոպական խմբակցության առաջնորդ Մարտին Շուլցը երկրորդ ժամկետով վերընտրվել է Եվրախորհրդարանի ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԵԽ-ի նախագահի պաշտոնակատար Ջեննի Պիտելան՝ ամփոփելով քվեարկության արդյունքները: Շուլցի թեկնածությունը պաշտպանել են քվեարկած 723 եվրապատգամավորներից 409-ը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ցուցաբերած վստահության համար և հուսով եմ, որ կկարողանամ նվաճել նրանց վստահությունը, ովքեր որոշեցին չպաշտպանել ինձ»,-ասել է Եվրախորհրդարանի նորընտիր ղեկավարը: նրա խոսքով՝ երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակը Եվրոպայի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկն է: «Մեզ նաև անհրաժեշտ է մարդասիրական միգրացիոն քաղաքականություն, որպեսզի Միջերկրական ծովում տեղի ունեցած ողբերգությունը չկրկնվի»,- ասել է Շուլցը:
Եվրախորհրդարանի նախագահին 2,5 տարի ժամկետով ընտրում են գաղտնի քվեարկությամբ, նրա օգտին պետք է քվեարկի պատգամավորների 50 տոկոսը՝ գումարած մեկ պատգամավոր: Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը «Թվիթեր»-ի միջոցով արդեն շնորհավորել է Շուլցին վերընտրվելու կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: