Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։

 
 

Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, նշեց, որ բրազիլահայ ուխտավորներն այցելել են Հայաստանի տարբեր սրբավայրեր և հաղորդ դարձել հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը։

Իր օրհնությունը բերելով հայորդիներին՝ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց թեմակալ առաջնորդի ու թեմի հոգևոր սպասավորների ծառայությունը, ինչպես և հայորդիներին Հայրենիք ուխտագնացության առաջնորդելու հանձնառությունը:

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած դժվարություններին ու մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր գործուն աջակցությունն է ցուցաբերում արցախահայությանը հաղթահարելու առաջացած սոցիալական դժվարին խնդիրները։

Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին իրենց նպաստը բերել Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև հայրենազրկված հայորդիների կարիքների հոգածության գործում։