Այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Գրաբարյան օրեր» ծրագրի մեկամյա աշխատանքների ամփոփումը:

 

«Գրաբարյան օրեր» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցներում թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների շրջանում: Դպրոցներում սկսվել է գրաբարի վերելքը և գրաբարն այժմ մտնում է պարտադիր առարկաների շարքը:

 

Քննարկումն ընթացավ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ: Մասնակցում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ Եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը, հոգևոր այրեր:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հույս հայտնեց, որ այս ծրագիրը կշարունակի իր ընթացքը՝ հետզհետե ավելի ընդգրկուն դարձնելով իր ծավալները: «Ինչ անում ենք, մեր հայ ժողովրդի ոգեկան զորության համար ենք անում, որպեսզի ինքն իր մեջ արթնացնի ոսկեդարյա ոգին, ոսկեղենիկ հայերենի միջոցով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Վեհափառին, ում օրհնությամբ էլ իրականացվում են ԱՀԹ բոլոր ծրագրերը:

 

Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ գրաբարը սովորեցնելու են երեխաներին՝ ստեղծելով հատուկ ուսումնական նյութեր: «Մենք հավակնում ենք հասնել մի նպատակի, որ երիտասարդը հետաքրքրությունից ելնելով՝ կարողանա տարրական իմացություն ունենա գրաբարից, կարողանա վերարժևորել գրաբարի կարևորությունը»,- ասաց նախարարը:

 

Նախորդ տարի մեկնարկած «Գրաբարյան օրեր» ծրագրով Երևանի մի շարք դպրոցներում իրականացվեցին գրաբարի ընթերցումներ, բաց դասեր, քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր:

 

«Գրաբարյան օրեր» ծրագրի նպատակն է նոր սերնդի մոտ արթնացնել հետաքրքրություն գրաբարի նկատմամբ, խթանել դրա ուսուցումը, ինչը կնպաստի մասնագետների աճին և հայկական հազարամյա ժառանգության զարթոնքին: