Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: ԱՊՀ պետությունների ղեկավարները մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը շնորհավորել են Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին' երկրի Նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի, իսկ Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին' խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

 

Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում նախագահները քննարկել և ընդունել են Համագործակցության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ստորագրել շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-ամյակի առիթով Հայտարարությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Հայտարարությունը, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-րդ տարելիցի կապակցությամբ Դիմումը:

 

Նիստում հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ապահովման խնդիրներին և կարևորվել այդ ոլորտում փոխգործակցությունը: ԱՊՀ պետությունների ղեկավարները ստորագրել են իրավապահ ոլորտի, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ մի շարք միջազգային պայմանագրեր: Խորհրդի նիստում ընդունվել են նաև մինչև 2020թ. Ռազմական համագործակցության հայեցակարգը, 2016-2020թթ. արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման հարցում համագործակցության ծրագիրը, հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորմանն ուղղվող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառվող կազմավորումների Ցանկը:

 

Համագործակցության մասնակից պետությունների նախագահների ուշադրության կենտրոնում են եղել նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացման հարցերը: Կողմերը որոշել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացնել Թուրքմենստանում՝ այդ երկրի Դաշողուզ քաղաքը հայտարարելով ԱՊՀ-ի 2016թ. մշակութային մայրաքաղաք:

 

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2016թ. սեպտեմբերի 16-ին, Ղրղզստանում: ԱՊՀ նախագահությունը 2016թ. փոխանցվել է Ղրղզստանի Հանրապետությանը: