Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:

Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար:

Հաշվետվությունը ներառել է կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, հրատարակչական գործունեության, հանրային կապերի և տեղեկատվական համակարգերի, ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների ու սոցիալական քաղաքականության ոլորտները, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությունը:

Օրակարգի հարցերի շրջանակում ռեկտոր Արամ Սիմոնյանը խորհրդի անդամներին ներկայացրել է ԵՊՀ 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդումը, որն ընդունվել է ի գիտություն: Խորհրդի հաստատմանն են ներկայացվել նաև 2017թ. ֆինանսական տարվա ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, 2017թ. ԵՊՀ կառուցվածքը և հաստիքացուցակը և 2017թ. ԵՊՀ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրության հարցը: Սահմանվել են աուդիտ իրականացնող անձի գործառույթները՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2017թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում և անկախ աուդիտորական եզրակացության, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի եկամուտների և ծախսերի 2017թ. տարեկան նախահաշվի ու դրա փոփոխությունների կատարողական հաշվետվության աուդիտի իրականացում և անկախ աուդիտորական եզրակացության ներկայացում:

Օրակարգային հարցերից բացի քննարկվել են ընթացիկ հարցեր, Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Նիստի ավարտին Նախագահը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, մատաղ սերնդի ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է անվանի մտավորականին պետական բարձր պարգևի արժանանալու համար, նրան և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ու բոլոր համալսարանականներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհակալություն հայտնել անցնող 2016 թվականին համատեղ աշխատանքի համար:

Հանրապետության Նախագահը ամփոփել է նաև անցնող 2016 թվականը և անդրադարձել 2017 թվականի կարևորագույն անելիքներին:

Մինչ խորհրդի նիստը Հանրապետության Նախագահը ՀՀ ԿԳ նախարարի, ԵՊՀ ռեկտորի, հոգաբարձուների խորհրդի անդամների և ֆակուլտետների դեկանների ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնովին վերանորոգված ԵՊՀ մարզադահլիճում, հյուրատանը, քաղաքացիական պաշտպանության և բուժօգնության, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնների մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: