ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հավերժ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է նախագահել խորհուրդը։ Այս մտքին ենք հանգում ԵՊՀ պաշտոնական կայքից, որտեղ որպես խորհրդի նախագահ շարունակում է ներկայացվել նախկին նախագահը։

Սակայն, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, փորձեցինք հասկանալ՝ ինչպե՞ս է ստացվում, որ հեղափոխությունը չի անցել ԵՊՀ-ով և շարունակում է գործել նախկին իշխանության ներկայացուցիչների ձեռքի տակ։

Արդյոք Սերժ Սարգսյանը շարունակում է լինել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, թե ոչ՝ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել։ «Նախորդ խորհրդի նախագահը եղել է Սերժ Սարգսյանը։ Այս պահին, չգիտեմ՝ խորհուրդ գոյություն ունի՞, թե ոչ։ Կառավարությունը և լիազոր մարմինը պետք է իրենց անդամներին ներկայացնեն։ Ես չեմ կարող պատասխանել, քանի որ խորհրդի հին կազմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, բայց խորհրդի կազմ՝ ըստ էության՝ այսօր չկա, որովհետև հին կազմից, ովքեր ներկայացնում են հիմնադրին՝ կառավարությանը և լիազոր մարմնին՝ Կրթության և գիտության նախարարությանը, այսօր արդեն չեն ներկայացնում այդ մարմինները»,- ասաց Էմին-Տերյանը։

Հետևաբար, կարո՞ղ ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանը խորհրդի նախագահ չէ՝ դիտարկմանն ի պատասխան Էմին-Տերյանն ասաց՝ ոչ կարող է հաստատել, ոչ էլ ժխտել․ «Ես չգիտեմ՝ կառավարության այդ որոշումը դեռևս ուժի մեջ է, թե ոչ։ ԵՊՀ-ն այս պահին հոգաբարձուների խորհուրդ չունի»։

Կանգ առնելով այս մտքին՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ ԵՊՀ-ն հոգաբարձուների խորհուրդ չունի, բայց փոխարենը խորհրդի նախագահ ունի։ 2015թ․ ապրիլի 29-ին, քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել էր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

 

Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Այն համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

Սոնա Հարությունյան