Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և ռուս ժողովուրդների ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, տարեցտարի ընդլայնվում է համագործակցության օրակարգը, որին զգալիորեն նպաստում են բարձր մակարդակի փոխայցելությունները: Ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ Նախագահը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել են համագործակցությունը անվտանգության ոլորտում:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև հաստատված հարաբերությունների մակարդակը և հույս հայտնել, որ Նիկոլայ Պատրուշևի այցը նոր խթան կհաղորդի ինչպես այդ երկու կառույցների, այնպես էլ ընդհանուր առմամբ անվտանգության ոլորտում միջպետական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև արագ փոփոխվող աշխարհում միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: