ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը Անձնագրային և վիզաների վարչությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին: Շնորհակալություն հայտնելով վարչության նա խկին պետ Միշա Սարդարյանին՝ կատարված աշխատանքի համար, Անուբաղ Համբարյանը համոզմունք է հայտնել, որ վարչության աշխատակիցները կշարունակեն բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և կապահովեն բարեփոխումների արդյունավետ ընթացք:

 

 

Մնացական Բիչախչյանը հավաստիացրել է, որ կարվի ամեն ինչ' վստահությունն արդարացնելու և առաջադրված բոլոր խնդիրները կատարելու համար:

 

 

Խորհրդակցության ընթացքումմ կազմակերպչական և ծառայողական խնդիրների հետմ քննարկվել է նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցը:

 

 

Անուբաղ Համբարյանը Անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է ի կատարումն ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումի՝ ակտիվացնել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները և պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ: