ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը համարում է անվիճելի բոլոր անդամ-երկրների կողմից: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԳ փոխնախարարը: «Կարծում եմ' դա այն թեկնածությունն էր, որ անվիճելի էր բոլոր անդամ-պետությունների համար: Տիգրան Սարգսյանն իր մակարդակով, փորձով է արժանացել դրան: Ավելին, Տիգրան Սարգսյանի հետ աշխատել են այդ երկրների ղեկավարները, մասնավորապես, Պուտինը վարչապետ եղած ժամանակ, ու տարբեր առիթներով շփվել էին նրա հետ, ու հենց նրանք էին Սարգսյանին բնութագրում որպես փայլուն մասնագետ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

 

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ այդ պաշտոնը 4 տարի ժամկետով պատկանում է Հայաստանին' համաձայն ԵԱՏՄ համաձայնագրի:

 

Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016 թվականի փետրվարի 1-ից կանցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնին: