Սիրիայում ահաբեկիչների կողմից առևանգված և վերջերս ազատ արձակված երկու հայեր այս պահին Երևանում են: Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ հայաստանյան վարչության փոխատենապետ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը: «Վերջերս Սիրիայում առևանգված երկու հայ՝ հայր և որդի, ազատ են արձակվել և հիմա Հայաստանում են: Նրանք ազատ են արձակվել Սիրիայում մեր երիտասարդության քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Սա շատ լավ լուր էր: Հիմա նրանք Հայաստանում են, և կարծում եմ, որ շուտով նաև նրանց մասնակցությամբ ասուլիս կհրավիրենք: Նրանց վիճակն այս պահին այնքան էլ լավ չէ, սակայն ուրախալի է, որ նրանք հիմա գտնվում են Երևանում»,- ընդգծեց Մեսրոպյանը՝ հավելելով, որ կան այլ հայ առևանգվածներ ևս, որոնց մասին մինչ այս պահը տեղեկություններ չկան:

 

 

Մերոպյանը հավելեց նաև, որ Սիրիական ճգնաժամի ընթացքում հարյուրից ավելի հայեր են զոհվել: «Ունենք վիրավորներ, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: Ունեմ ծանոթ, ով ոտքն է կորցրել, կան ծանր այլ վիրավորներ: Վերջերս մի 19 տարեկան երիտասրդ էր վիրավորվել: Նրանք ընտանիքով տեղափոխվել են Հայաստան, այստեղ բուժում է ստանում: Մենք հույս ունենք, որ վիճակն առաջիկայում կբարելավվի: Սփյուռքի նախարարությունն էլ աջակցում է այդ հարցում, նա տարբեր հիվանդանոցներում բուժում է ստացել: Ամեն ինչ արվում է երիտասարդին ոտքի կանգնեցնելու համար»,- եզրափակեց Մեսրոպ յանը: