Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-17:00-ը, «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում կկայանա «Բաց խաղ» համակարգչային խաղերի և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնության հանրային ցուցադրությունը: Այս մասին հայտարարում են առաջնության կազմակերպիչները և հրավիրում խաղերի ինդուստրիայի բոլոր սիրահարներին ծանոթանալ հայկական արտադրության խաղերին ու քվեարկել լավագույնի օգտին:
«Բաց խաղ» առաջնությունը նպատակ ունի բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ՏՏ ոլորտում ունենալ «Արտադրված է Հայաստանում» բրենդ: Առաջնությունը նաև խրախուսում է երիտասարդներին, ստեղծում հնարավորություն շփվելու ՏՏ ոլորտի և հատկապես խաղային ինդուստրիայի մասնագետների հետ, ովքեր ընդգրկված են ժյուրիի կազմում, ստանալ խորհրդատվություն, կիսվել նոր գաղափարներով և այլն:
«Բաց խաղ» առաջնության կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Ուրախ ենք, որ Օրանժ Արմենիա ընկերության աջակցության շնորհիվ արդեն 5 տարի շարունակ կարողանում ենք բացահայտել մեր տաղանդավոր երիտասարդներին և դրանով իսկ սնուցել հայկական խաղային ինդուստրիան»:
««Բաց խաղ» առաջնությունը տեղի է ունենում արդեն 5-րդ տարին անընդմեջ, և շատ ուրախ ենք տեսնել, որ այս ընթացքում այն իրոք դարձել է ավանդական և շատ սպասված իրադարձություն: Այս 5 տարվա ընթացքում բազմաթիվ ստեղծագործ գաղափարներ ու նախագծեր են կյանքի կոչվել. այս տարին բացառություն չէ, այնպես որ հրավիրում ենք բոլորին վաղվա ցուցադրությանը՝ ծանոթանալու մեր տաղանդավոր մասնակիցների պատրաստի նախագծերին: Մասնակիցների համար այս տարի ևս ունենք անակնկալ, նրանցից 3-ը հնարավորություն կունենան վերապատրաստվել մեր ընկերությունում և ուղղակիորեն ծանոթանալ ու մասնակից լինել մեր մասնագիտական թիմերի իրականացրած նախագծերին»,- նշում է Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Հայաստանում Huawei ընկերության պաշտոնական և էքսկլյուզիվ դիստրիբյուտոր ՄոբլիՕՍ ընկերության տնօրեն Տաթևիկ Սարգսյանը նշում է. «Բաց խաղ» առաջնությունն այն եզակի հարթակներից է, որը հնարավորություն է ընձեռում հայ բազմատաղանդ երիտասարդներին ցուցադրել իրենց ներուժը և առաջադիմել ոլորտում: Մենք անչափ ուրախ ենք, որ այս տարի Huawei-ը նույնպես իր ներդրումն ունի այս նախաձեռնության մեջ»:
Համակարգչային և բջջային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնությունն անցկացվում է 4 փուլով: Այս տարի առաջնությանը ներկայացվել է 30 նախագիծ, իսկ 4-րդ՝ եզրափակիչ փուլ անցել տասը: Մասնակիցները մրցում են «Լավագույն տեխնիկական լուծում», «Լավագույն դիզայն», «Լավագույն 2D խաղ», «Լավագույն 3D խաղ», «Հատուկ մրցանակ», «Լավագույն կրթական խաղ» և «Ժողովրդական մրցանակ» անվանակարգերում: «Ժողովրդական մրցանակ» տիտղոսին կարժանանա այն խաղը, որը հանրային ցուցադրության ժամանակ առավել շատ ձայներ կհավաքի, իսկ մնացած անվանակարգերի հաղթողներին կընտրեն պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները: Հաղթողներին սպասվում են մրցանակներ Օրանժ Արմենիա և Huawei ընկերությունների կողմից:
Առաջնության շրջանակներում ստեղծված խաղերը կարելի է գտնել ինչպես opengame.am կայքում, այնպես էլ Google Play-ում և Apple Store-ում:
«Բաց խաղ» առաջնությունը 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկերն է նաև Huawei ընկերությունը: