Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի խայտառակ պաշտոնանկությունից հետո կառույցում սկսված կադրային ջարդը շարունակվում է:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով virtualaz.org լրատվական կայքը, աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի ԱԱՆ եւս մեկ վարչության պետ, գնդապետ Նազիմ Լյաթիֆովը:

 

 

Նախօրեին, զբաղեցրած պաշտոններից հեռացվել էին ԱԱՆ 9 բարձրաստիճան աշխատակիցներ, այդ թվում' 4 գեներալ: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 20-ին հայտնել էր ԱԱՆ բարձրաստիճան սպաների կալանավորման մասին: Նշվել էր, որ ԱԱՆ առանձին պաշտոնատար անձանց չարաշահումների եւ օրենքների թույլ տված այլ խախտումների փաստերով Գլխավոր դատախազությունում Ադրբեջանի ՔՕԳ համապատասխան հոդվածներով քրեական գործեր են հարուցվել եւ ստեղծվել է օպերատիվ-հետաքննչական խումբ:

 

 

Կայքը հայտնում է, որ ԱԱՆ-ում կադրային ջարդը շարունակվելու է. սպասվում է, որ մոտ ժամանակում զբաղեցրած պաշտոններից կհեռացվեն ԱԱՆ-ի այլ բարձրաստիճան աշխատակիցներ եւս:

 

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով հոկտեմբերի 17-ին երկրի Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին անակնկալ կերպով պաշտոնանկ անելուց անմիջապես հետո հիշյալ նախարարությունում Անվտանգության պետական ծառայության եւ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից համատեղ անցկացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել էին ԱԱՆ Մոնիտորինգային կենտրոնի (հեռախոսների լսման վարչություն) աշխատակիցներ, մասնավորապես, Նաթավան Մամեդովան եւ գեներալ-մայոր Թեյմուր Գուլիեւը, ինչպես նաեւ Հակաահաբեկչական կենտրոնի պետի տեղակալ Իլգար Ալիեւը: Էլդար Մահմուդովը ներկայում գտնվում է տնային կալանքում:

 

 

Անդրադառնալով Էլդար Մահմուդովին աշխատանքից հեռացվելու պատճառին, մասնավորապես moderator.az կայքը գրել էր, որ գլխավորապես դա կապված է այն բանի հետ, որ ձերբակալված աշխատակիցները Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ լսել են Ադրբեջանի նախագահի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իշխանության բարձրաստիճան անձանց եւ նրանց ընտանիքների հեռախոսային խոսակցությունները, ինչը, սովորաբար արվում է երկրում «հեղաշրջում» իրականացվելուց առաջ:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ԱԱՆ-ը 11 տարի ղեկավարած Էլդար Մահմուդովի պաշտոնանկության հնարավոր պատճառներից են համարում նաեւ երկրի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի հետ կոռուպցիոն կապերը, սեփական ապօրինի բիզնեսները եւ այլն:

 

 

«Ազադլըգ» թերթն էլ գրել է, որ «բոլոր դեպքերում, ԱԱՆ երկարամյա ղեկավարին «հարվածելը» ցույց է տալիս, որ իշխանության ներսում խարդավանքներն ուժգնանում են եւ ներիշխանական խմբավորումների միջեւ պայքարը հասել է գագաթակետին»:

 

 

«Միանշանակ, վերջին օրերին ԱԱՆ-ի շրջակայքում ստեղծված աղմուկը իշխանության նկատմամբ հասարակության ատելության արտահայտությունն է: Մարդկանց մոտ արմատացած այն կարծիքը, որ «մեկը մյուսին ուտելով սատկելու են», եւս ծագում է այդ ատելությունից», -նշել է թերթը: