Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբwww.police.am/Hanraqve
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում' դիմողի անձին չվերաբերող) մինչև 01.12.2015 թ. դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև 02.12.2015 թ. բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:
Տեղեկացվում է նաև՝
Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն' 010-37-02-36 հեռախոսահամարով: