Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ո՛չ այս, ո՛չ մյուս, ո՛չ էլ մոտակա տեսանելի ապագայում (ոչ թե ամիսներ կամ տարիներ, այլ տասնամյակներ) կատարվելիք այցերից չի կարելի առաջխաղացում ակնկալել:

 

Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման հակամարտությունները չեն կարող լուծվել արագ, հատկապես, երբ անցել են ռազմական կամ ակտիվ փուլը, որը տևում է արդեն ավելի քան քառորդ դար: Բնականաբար, հասարակությունները սահմանի երկու կողմում ունեն շատ իրարամերժ մոտեցումներ: Այս պահին թվում է, թե Ադրբեջանն ի վիճակի չէ որևէ ձևով գնալ ինչ-որ փոխզիջումների, ոչ թե բուն հակամարտությունը լուծելու, այլ կայունացնելու իրավիճակը շփման գծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց քաղաքագետը:

 

Համանախագահների այցից միակ ակնկալիքն, ըստ Մինասյանի, զարգացումն է բանակցային գործընթացում: Եթե արդյունքում ձևական հանդիպում լինի նախագահների մակարդակով, դա գոնե ցույց կտա բանակցային գործընթացի շարունակությունը:

 

«Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Մինսկի խմբի բոլոր համանախագահները ձգտում են հասնել ինչ-որ մեխանիզմի, որն անվանվում է վստահության կամ հետաքննության մեխանիզմ, կամ պարզապես շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված միտում: Այդ մեխանիզմով պետք է փորձել սահմանային լարվածությունը մեղմել կամ նույնիսկ լիովին բացառել, բայց դա պարզապես չի բխում Ադրբեջանի շահերից, որովհետև Ադրբեջանի իշխանությունները կարծում են, թե յուրաքանչյուր կայունացում շփման գծում միայն ուժեղացնում է այն քաղաքական իրականությունը, որն ստեղծվել և պահպանվում է համարյա թե 25 տարի»,- նշեց Մինասյանը:

 

Սահմանային իրավիճակի սրումը և դրանից բխող Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու լայնամասշտաբ պատերազմ սկսելու սպառնալիքները, քաղաքագետի համոզմամբ, հանդիսանում են միակ լծակը, որն Ադրբեջանին մնացել է բանակցային գործընթացում' ազդելու և՛ հայկական կողմերի, և՛ միջազգային հանրության վրա: Վերջին 10 տարվա քաղաքականությունը, որն սկսվեց Իլհամ Ալիևի օրոք, դարձավ ռազմավարություն Ադրբեջանի կողմից, բայց ո՛չ հայկական կողմերի, ո՛չ միջազգային հանրության վրա Ադրբեջանի ճնշումներն սպասված արդյունքը չտվեցին:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հոկտեմբերի 26-ին ժամանել են Հայաստան: Նրանք արդեն հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի ուղեկցությամբ տարածաշրջանային այցի շրջանակում կժամանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն' հանդիպելու երկրի ղեկավարության հետ: Հոկտեմբերի 27-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը:

 

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին: