Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորման ձերբակալված անդամների շարքում հայեր չկան: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ի պատասխան Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա»,- հայտնել է նա:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, թե Կահիրեում ձերբակալվել են ԻԼԻՊ մի խումբ զինյալներ, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրել Եգիպտոսի հանգստավայրերում: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ իսլամիստները Եգիպտոս են ժամանել Լիբիայից: Նրանց թվում իբր եղել են Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու Բելառուսի քաղաքացիներ: