A321 ինքնաթիռի կործանումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բախվել է դիլեմայի. շարունակե՞լ ակտիվ գործողությունները Սիրիայում և ավելի ակտիվանալ, թե՞ նստել բանակցությունների սեղանի շուրջ, գրում է The Guardian թերթը։
Այն փաստը, որ Ռուսաստանում չեղարկել են ավիաչվերթները դեպի Եգիպտոս, ինչպես նաև տարհանել այդ երկրից ռուս զբոսաշրջիկներին, վկայում է այն մասին, որ ռուսական հատուկ ծառայությունները ևս ահաբեկչական սցենարների կասկածներ ունեն՝ ինչպես ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները, նշվում է հոդվածում:
Պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային, կարծիք է հայտնում, թե «Ռուսաստանը Սիրիայի հարցում չափազանց մեծ բեռ է վերցրել»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն սպասում է, մինչ Ռուսաստանն անհաջողություն կկրի ու կհամաձայնի, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարական տա:
«Նրանք ռազմավարական սխալ են թույլ տվել՝ գերագնահատելով սիրիական բանակի հնարավորություններն ու թերագնահատելով այն վիճակը, որն այժմ առկա է Սիրիայում»,- հայտարարել է պաշտոնյան:
Ինչպես կարծում է հոդվածի հեղինակը, եթե ավիաաղետի պատճառը ռումբը եղած լինի, ապա Ռուսաստանն այլ տարբերակ չի ունենա, քան ուժեղացնել իր ներկայությունը Սիրիայում: Նման դեպքում Պուտինը ստիպված կլինի կենտրոնանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, որպեսզի խուսափի «ահաբեկչությունից ու քաոսից» իր սեփական երկրում:
«Մենք չենք պատրաստվում Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության գնալ այն պատճառով, որ նա Ասադին է աջակցում: Մենք պատրաստվում ենք սպասել մինչ նա կպարտվի, ինչից հետո մենք հույս ունենք քաղաքական բանակցություններ անցկացնել»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։