Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում մեղադրել է Եվրոպային սիրիացի փախստականներին մահվան դատապարտելու մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Էրդողանը հիշեցրել է, որ սիրիական ճգնաժամի հետևանքով երկրում արդեն ընդունել է 2,2 միլիոն սիրիացի փախստականի: «Եթե 2,2 միլիոն սիրիացի դեպի Եվրոպա քայլեին, ի՞նչ կլիներ այդ ժամանակ: Շատ երկրներ փակել են դռները փախստականների առաջ և ասում են՝ թող Էգեյան ծովում խեղդվեն»,- նշել է Թուրքիայի նախագահը:

 

Նա բացասական է գնահատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում՝ նշելով, թե այդ գործողությունները Թուրքիայում բարձրացրել են անվտանգության ռիսկերը: Էրդողանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 15-16-ն Անթալիայում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում նախատեսում է հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և այս հարցով իր մտահոգությունները հայտնել նրան: