Գյումրի քաղաքի բնակիչ Էդգար Ա.-ն 2015 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, վիճաբանել է հարևանուհու հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել ինչպես հարևանների, այնպես էլ իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակից Արտավազդ Մ.-ի հասցեին:
Բացի այդ, Էդգար Ա.-ն դիմադրություն է ցույց տվել հասարակական կարգի խախտումը խափանող Կարեն Պ.-ին: Վերջինիս նկատմամբ Էդգար Ա.-ն բռնություն է գործադրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Էդգար Ա.-ն խուլիգանական գործողությունների ընթացքում իր մոտ եղած սառը զենք հանդիսացող դանակն օգտագործելով՝ հարձակվել է Կարեն Պ.-ի վրա և սպառնացել սպանել վերջինիս: Քաղաքացի Էդգար Ա.-ի կողմից սառը զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: