Դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն՝ համայնքային շահի պաշտպանության նպատակով հայց հարուցելու համար:
Հիշեցնենք, որ Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, ներկայում Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող (պաշտոնավարումը կասեցված է) Կ.Ս.-ն 2014 թվականի հոկտեմբերի 14-ին իր եղբորը՝ Հ.Ս.-ին, տրամադրել է պաշտոնական փաստաթուղթ՝ քաղվածք, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ գյուղապետարանում Հ.Ս.-ի անվամբ գրանցվել է 004 հա տնամերձ հողամաս: Այնուհետև նշված քաղվածքը՝ համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, 2014 թվականի հոկտեմբերի 20-ին ներկայացրել է Կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա 2014 թվականի հոկտեմբերի 23-ին գրանցվել է Հ.Ս.-ի սեփականության իրավունքը Այնթապ համայնքի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10/1 հասցեում գտնվող, 0.03676 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: