ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիետի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն ասաց, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու փաստով։
Նրա խոսքով՝ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Արմեն Սարգսյանը պետությանը պատճառած վնասը փոխհատուցել է։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարող անձանցից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլարին համարժեք 4․752․000 դրամ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը հիշյալ ֆինանսական միջոցներով իր մտերիմների օգնությամբ ձեռք է բերել և Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը նվիրաբերել է Շենգավիթ վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահին, իսկ մյուսը հաշվառելով իր վարորդի անվամբ յուրացման եղանակով հափշտակել է։ Անձնական կարիքների համար օգտագործված մեքենան հայտնաբերվել է վարչական շրջանի նախկին ղեկավարի առանձնատան ավտոտնակում։