Ես ունեմ իմ քաղաքական և քաղաքացիական հայացքները, բայց հաղորդավարի կերպարի մեջ դրանք երբևէ չեն անդրադառնալու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդում վարելու փաստը քննադատած եվրոպացի փորձագետ Լորան Ռույի հայտարարությանը:

 

«Եթե ես էլ լինեի եվրոպացի փորձագետ, և որևէ այլ երկրում ինձ այդպիսի հարց տային, ես էլ կասեի նույն բանը: Այդ մարդուն ուղղորդված հարց տվեցին իրեն հաղորդած տեղեկատվության շրջանակում, և նա շատ ճիշտ պատասխանեց լրագրողի հարցին: Փորձագետների խնդիրն այն է, որ նման դեպքերում նրանք շատ են վստահում այն մարդկանց, ովքեր այդ պահին իրենց կողքին են: Իրականության մեջ դուք տեսաք, որ այդ հաղորդումը բացարձակապես կապ չունի սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի հետ: Իհարկե, նոնսենս է, որ քարոզչության համար ստեղծված հաղորդումը վարում է այդ քարոզչության բևեռներից մեկը: Բայց, մենք պետք է դուրս գանք սահմանադրական փոփոխությունների քարոզչության հարթությունից, որովհետև այդ հաղորդաշարը ավելի երկար կյանք է ունենալու, քան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:

 

«Ես վստահեցնում եմ բոլորին, որ անգամ այն հաղորդումները, որոնք նվիրվելու են քաղաքականությանը, հարցադրումների տեսանկյունից լինելու են անաչառ: Ես կպայթեմ նյարդայնությունից, բայց երբեք չեմ խառնվի կողմերի բանավեճին: Ես ունեմ իմ քաղաքական և քաղաքացիական հայացքները, բայց հաղորդավարի կերպարի մեջ դրանք երբևէ չեն անդրադառնալու»,- նշեց Աշոտյանն ու ավելացրեց՝ Հայաստանի կրթությանը և մնացած այլ թեմաներին վերաբերող հաղորդումները նկարահանվել են ավելի շուտ, քան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին վերաբերող հաղորդումները: