ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանել է անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի երեք հարցի: 

 

«Առաջինը՝ հայտնի է, որ շատ երկրներում պայմանավորված տնտեսական զարգացման դժվարությունների հետ կրճատվում են պետական կառավարման ծախսերը, օպտիմիզացվում են, և մենք այս բյուջեի նախագծում դա չենք տեսնում: Կուզենայի տեղեկանալ՝ արդյոք բյուջետային ծախսերի և առհասարակ կառավարման արդյունավետության տեսանկյունից օրակարգում պետական կառավարման ծախսերի հարց կա՞: Եթե ոչ, ապա գոնե գալիք տարվա բյուջեի հետ կապված ի՞նչ նախատեսումներ ունեք:

 

Երկրորդը՝ գաղտնի չէ, որ գործարար շրջանակներում տեղեկություննեւր են շրջանառվում, որ Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ, դժվարություններ է ունենում բեռնափոխադրումների հետ կապված և ավելացված արժեքի հարկի վերադարձի հետ կապված: Արդյոք կա՞ն այդպիսի խնդիրներ և ինչո՞վ են պայմանավորված դրանք և ինչ ազդեցություն ունեն դրանք 2016 թվականի բյուջեի վրա:

 

Երրորդ՝ կուզենայի գնահատել, թե ԵՏՄ-ի անդամակցությունն ինչ ազդեցություն է ունեցել մեր պետական  բյուջեի վրա»,- հարցրեց Քոքոբելյանը: 

 

Ի պատասխան՝ Ֆինանսների նախարարը նշեց. «Ինչ վերաբերում է կառավարության ծախսերի կրճատմանը, օպտիմալ համակարգ ունենալուն, դա միշտ ակտուալ է կառավարությունների համար և հատկապես այս փուլում, երբ մենք ունենք ֆինանսական ռեսուրսների կառավարման լուրջ խնդիրներ, ես նշեմ, որ կառավարությունում անհանգստացած են այդ հարցով և գործողությունների ծրագիր մշակվում է: Յուրաքանչյուր ավելորդ հաստիք լրացուցիչ հոգս է կառավարության համար: Կառավարությունում այդ հարցը քննարկվում է, բայց դա չպետք է լինի մեխանիկական կրճատման արդյունք, այլ լինի բարեփոխումների, կանխատեսելի իրավիճակի արդյունքում ծնվող կրճատումներ: Շատ է խոսվում ավելորդ մեքենաների, հաստիքների և գործուղումների մասին: 

 

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցության շրջանակներում գործարարների հետ կապված խնդիրներին, ճիշտ եք նկատել, խնդիրը կա: Որպեսզի ԱԱՀ-ի համապատասխան հաշվանցման մեխանիզմները կազմակերպվեն, 180 օրվա ընթացքում արտահանող երկրի հարկային մարմինների կողմից պետք է հավաստիացումները լինեն: Այդ խնդիրը կա: Բայց մենք հանդես ենք բերել համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, և 2016 թվականի բյուջեի մասում դրանք արտահանողներին ձևակերպում են որպես հետվերադարձման ենթակա գումարներ, այսինքն՝ հարցերը մեր ուշադրության կենտրոնում են: 

 

Իսկ թե ինչ տվեց ԵՏՄ-ն, պետք է ասեմ, որ ԵՏՄ-ի անդամակցությունը շատ դեպքերում՝ ստեղծված արտաքին գործոններով, հնարավոր չէ համակարգված գնահատել, բայց շատ մեծ արտոնություններ է տվել, ասենք, ներմուծողների հետ կապված. մոտավորապես 2 ամսվա ընթացքում իրենք վճարման ֆինանսական ռեսուրսներ են ձեռք բերում, արտահանողների հետ կապված՝ դժվարանում եմ ասել, որովհետև ԵՏՄ անդամ երկրներում ռուբլու արժեզրկումը որոշակի բացասական հետևանքներ ունեցավ: Ընդհանուր  առմամբ, գնահատելը դժվար է, սակայն մենք անդամակցել ենք մի միության, որը շատ մեծ հանրավորություններ ունի: Մեր տնտեսվարողներն ու մենք պետք է կարողանանք այդ առավելություններից օգտվել: Եթե մենք նստենք սպասենք, որ պետք է պատրաստի դեղատոմսեր լինի, չէ, այդպես չէ: Ցավոք սրտի, կան արտաքին գործոններ, որոնք մեզ համար կանխատեսելի չեն:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում