2016-ի պետական բյուջեի քննարկմանն այսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկող տարվա բյուջեն այս տարվա համեմատ շուրջ 8 մլրդ դրամով պակասել է՝ նպաստները, բյուջետային հիմնարկների աշխատավարձերը չեն ավելանալու, բայց փոխարենը 83-ով ավելացել են պետական մարմինների ծառայողական մեքենաները:
Փաշինյանը բերեց Դանիայի օրինակը, որտեղ խորհրդարանն ունի ընդամենը 23 ծառայողական մեքենա:
«Ես պաշտոնական հարցում էի ուղարկել Դանիա, ու մի պաշտոնյայից ստացել եմ պատասխան, որ միայն խոսնակն ունի ծառայողական մեքենա: Աչքերիս չեմ հավատում, նորից եմ նամակ գրում, ասում եմ՝ մի հատ, խնդրում եմ, սթափվեք, լրջացե՛ք, ցելի խորհրդարանում միայն նա՞ ունի ավտոմեքենա: Այդ պաշտոնյան մնաց իր դիրքերում: Իսկ մեր ԱԺ-ում կա 82 ծառայողական մեքենա»,- ասաց Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ ԱԺ նախագահը պետք է ունենա մեքենա, դա չի քննարկվում. «Լավ, քարը գլուխը, խմբակցությունների ղեկավարներն էլ պետք է ունենան, լավ, առատաձեռն ենք՝ հանձնաժողովի նախագահներն էլ թող ունենան, ԱԺ աշխատակազմն էլ՝ ձեզ նվեր: Բա մնացածներն ովքե՞ր են»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մոտավորապես նույն վիճակն է նաև կառավարության աշխատակազմում՝ ամեն երեք աշխատողի մեկ մեքենա է հասնում. «Առանց օֆ անելու ԱԺ-ն ընդունում է կառավարության շըփ-թըփ ընդունած որոշումները, հետո անցնում է մեկ-երկու տարի, ասում ենք՝ արա էս ի՞նչ ենք անում՝ ունքը շտկելու տեղը, աչքն ենք հանում»:
«Ես կուզենամ մեր պաշտոնյաներն ամեն առավոտ կռացած ու կարտոշկի գրուզավիկի նման տեղափոխող գազելներ նստեն ու գնան, ինչպես ստիպում են տարեցներին, կանանց ու դեռատի աղջիկներին: Հարգելիներս, եթե դուք աշխատեիք Դանիայում, ապա ոչ թե բրանիրովաննի լիմուզիններով գործի կգնայիք, այլ պալասատովի շապիկներով՝ օրը երկու անգամ զբոսանքի»:
Փաշինյանը նկատեց նաև, որ այժմ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզարշավ է՝ ինչպիսին պետք է լինի երկրի կառավարումը՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական, իսկ իրականում մեր կառավարման համակարգի անունն է «չնաշխարհիկ պադավատապետություն» պետական կարգ:
Մանրամասները՝ տեսանյութում.