Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով վերջ կդրվի որոշումների միանձնյա կայացման պրակտիկային, որի հնարավորությունը տալիս է երկրում գործող կառավարման համակարգը: Ներկա կառավարման մոդելով առաջին նախագահը կուսակցություն է փակել, երկրորդ նախագահը հեռուստաալիք է փակել, սակայն ոչ մեկ պատասխանատվություն չի կրել: Սա վատ համակարգ է: Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն այսպիսի տեսակետ հայտնեց «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը:
«Այս նույն համակարգն է գործել, երբ առաջին նախագահը կուսակցություն է փակել, երկրորդ նախագահը հեռուստաալիք է փակել, և ոչ մեկ այդ արարքների համար պատասխանատվություն չի կրել»,- ասաց Թովմասյանը՝ ավելացնելով, որ այս նույն համակարգը հնարավորություն է տալիս «փակել բոլորի բերանը» ու ոչ մի պատասխանատվություն չկրել:
Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների հարցն իշխանության և ընդդիմության միջև կռիվ չէ: «Սա երկրի վաղվա օրվա կռիվ է»,-ասաց նա՝ հորդորելով բոլորին չփորձել նսեմացնել պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Ալիկ Արզումանյանի կամ ՀՅԴ-ի ընդդիմադիր կեցվածքը, ովքեր պաշտպանում են փոփոխությունների նախագիծը: Հրայր Թովմասյանը նույնիսկ անկեղծացավ այնքան, որ խոստացավ մի օր գրի առնել, թե որքան հակասություններ են նա և մասնագիտական հանձնաժողովի մյուս անդամները ունեցել իշխանության հետ ներկայիս նախագծը կազմելու համար՝ շեշտելով, որ դեռ 1993թ. նա պայքարել է հանուն խորհրդարանական կառավարման մոդելի:
Ներկաներից մեկի դիտարկմանը, որ եթե շատ մարդիկ մասնագետ չեն և չեն հասկանում՝ որն է լավ, որը վատ, ինչպե՞ս կարող են ճիշտ ընտրություն կատարել, Թովմասյանը պատասխանեց, որ շատ զարգացած երկրներ հասկացել են դա և սահմանադրական փոփոխություններն այդ երկրներում այլևս չեն կատարվում հանրաքվեի միջոցով, սակայն ՀՀ գործող սահմանադրությունը պարտադրում է դա անել: