Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հայաստանում իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգ ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում: Մայիսի 16-ին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկման ընթացքում պատգամավորը նշեց, որ այդ համակարգը ձևավորելու լավագույն եղանակը սահմանադրական բարեփոխումներն են:
«Ընդդիմությունը, սկսած Հայաստանի անկախության առաջին օրվանից, միշտ մեղադրում է իշխանություններին իբր երկիրը թալանելու, կործանելու մեջ, իսկ իշխանությունը միշտ հայտարարում է, որ ընդդիմությունը թույլ է, չի կարողանում որևէ բան անել: Սակայն քանի դեռ չունենք ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ, մենք մշտապես խնդիրներ ենք ունենալու: Դրա համար ընդդիմության դերակատարումը մեծացնելը և իշխանության քաղաքական համակարգում հավասարակշռությունն ու հակակշիռն ապահովելը նույնպես հրամայական է դարձել, ինչը կարելի է իրականացնել սահմանադրական բարեփոխումների եղանակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մինասյանը:
Նրա խոսքով՝ այս պահին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն աշխատում է բարեփոխումների բուն տեքստի վրա: «Մենք ներկայացրել ենք մեր կուսակցության առաջարկները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ և սպասում ենք տեքստերին, որպեսզի կարողանանք վերջնական գնահատականները տալ»,- ասաց Մինասյանը: