Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրային քննարկումների ժամանակ մասնագետները հիմնականում անդրադառնում են սահմանվելիք պետական կառավարման ձևի և մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների հիմնահարցերին՝ ուշադրություն չդարձնելով ձևավորվելիք դատական համակարգի հիմնախնդիրներին:

 

Դատական համակարգի հնարավոր ձևափոխումների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ:

 

- Պարոն Սարգսյան, որքանո՞վ են կարևորվում դատական համակարգում նախատեսվող փոփոխությունները և ի՞նչ կտա այն մեր հասարակությանը:


- Սահմանադրությամբ ամրագրված ամենաբարձր արժեքներն անգամ ոչինչ են, եթե մենք չունենք արդարադատություն: Ցանկացած դատական համակարգ չէ՞ որ ունակ է ապահովել արդարադատության իրականացումը: Սահմանադրական փոփոխությունների նախագծով փորձ է արվում դատական համակարգի բարեփոխման իմիտացիա անել:

 

- Ի՞նչ իմիտացիայի մասին է խոսքը: Չկա՞ որևէ էական փոփոխություն:


- Չնայած դատական համակարգում առկա խորը ճգնաժամին՝ նախագծով ոչինչ չի արվել իրականությունը փոխելու համար: Արդյունքում, փոխվել են միայն դատական որոշ ինստիտուտների անվանումները՝ նույնը թողնելով դրանց կազմավորման կարգը, գործունեության եղանակը և լիազորությունների ծավալը: Կարծում եմ՝ սա ազնիվ մոտեցում չէ: Անթույլատրելի է դատավորի նշանակումը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից: Այս դիտողությունը պարբերաբար անում է նաև Վենետիկի հանձնաժողովը:

 

- Պարոն Սարգսյան, վերջին ժամանակներս շատ ակտիվ քննարկվում էր երկատյան դատական համակարգ ունենալու հարցը: Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ընդդիմանում էին դատական համակարգի ներկայացուցիչները՝ պնդելով, որ երկատյան դատական համակարգն անարդյունավետ կլինի: Ո՞րն էր այս հակամարտության էությունը, ինչո՞ւ սահմանադրական փոփոխություններով չնախատեսվեց դատական համակարգի նոր մոդել:


- Կարծում եմ՝ սա էլ դատական համակարգի բարեփոխումների իմիտացիայի ձև է: Մի կողմից գիտակցում են, որ հասարակությունը չի վստահում դատական համակարգին և փոփոխությունների պահանջ կա, մյուս կողմից էլ չեն ուզում գնալ փոփոխությունների, քանի որ դատավորի ներկայիս կախյալ և անպաշտպան վիճակը ձեռնտու է քաղաքական իշխանությանը:

 

- Ինչպե՞ս կարելի է նվաճել անկախ, անկողմնակալ և պրոֆեսիոնալ դատական համակարգ ունենալու իրավունքը:


- Սա միայն սահմանադրական կամ օրենսդրական լուծում պահանջող հարց չէ: Առաջին հերթին անհրաժեշտ է իրավունքների համար փաստաբանների միջոցով դատական ատյաններում ակտիվ պայքարող քաղաքացիներ ունենալ: Երբ քաղաքացին փաստաբանի օգնությամբ իրավունքի դաշտում կհաղթի ոչ պրոֆեսիոնալ դատավորին, քաղաքական իշխանությունը դատական համակարգի համար բարեփոխման հրահանգ կիջեցնի: Դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների լուծման միակ ուղին ապօրինի դատական ակտերի համատարած բողոքարկումն է Եվրոպական դատարան: