Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկրի խորհրդարանի ստորին պալատ՝ Սեյմ է ուղարկել իր կողմից վետո դրված երկու օրինագիծ, որոնք առնչվում էին դատական համակարգում փոփոխություններին: Այդ օրինագծերը Լեհաստանում բողոքի ցույցերի առիթ էին դարձել:

Լեհաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նախագահը խորհրդարան է ուղարկել Գերագույն դատարանի և Արդարադատության ազգային խորհրդին առնչվող օրինագծերը:

Օրենսդրական փոփոխությունների վիճահարույց դրույթներից էին Գերագույն դատարանի հանդեպ վերահսկողության նշանակալի լծակների տրամադրումը գլխավոր դատախազին:

Սեյմը կարող է հաղթահարել նախագահի վետոն, եթե օրենսդրական փոփոխության օգտին քվեարկի պատգամավորների երեք հինգերորդը, սակայն իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը նման քանակի ձայներ խորհրդարանում չունի: