ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վետո է դրել հոկտեմբերի 1-ին սկսված 2016 ֆինանսական տարում պաշտպանական ծախսերի օրինագծի վրա: ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը ներառում էր նաև դրույթ, որը վերաբերում է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նախագահի որոշման պատճառների մասին քանիցս հայտարարել է նրա մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը: Նրա խոսքով՝ վարչակազմի ղեկավարին չեն գոհացնում մի քանի «պահուստային ֆոնդերը», որոնք տեղ են գտել նախագծում և որոնք վարչակազմը համարում է երկրի ռազմական կարիքների ֆինանսավորման նկատմամբ «անպատասխանատու մոտեցման» դրսևորում, ինչպես նաև «Գուանտանամոյի բանտի փակման համար խոչընդոտների» վերաբերյալ առանձին դրույթներ:
Այդ փաստաթղթում, որն ավելի վաղ ընդունվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից, ռազմական կարիքների համար հատկացումների ընդհանուր ծավալը կազմում է 612 մլրդ դոլար: Տեքստը չի պարտավորեցնում, բայց Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերին օժտում է Կիևին «անվտանգության և հետախուզության ոլորտում պատշաճ աջակցություն» ցուցաբերելու համար 300 մլն դոլար օգտագործելու իրավունքով:
Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մակքոնելն այս շաբաթ վստահություն է հայտնել, որ Կոնգրեսի վերին պալատը կկարողանա հաղթահարել ռազմական բյուջեի նախագծի վրա Օբամայի դրած վետոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: