ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 23-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որով կոչ է արվում նախագահ Բարաք Օբամային՝ մահաբեր զենքի մատակարարումներ սկսել Ուկրաինային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին: Փաստաթղթի օգտին քվեարկել է 348 խորհրդարանական, դեմ են ա րտահայտվել 48-ը:

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, բանաձեւը հանձնարարական բնույթ է կրում: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրումը թույլ կտա «մեծացնել ինքնիշխանությունը պաշտպանելու ուկրաինացի ժողովրդի հնարավորությունները»: «Անկախ, ժողովրդավարական եւ բարգավաճող Ուկրաինան համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային շահերին»,- ասված է տեքստում:

 

Ուկրաինայի արեւելքի հակամարտության ընթացքում զոհվածների համար պատասխանատվությունը բանաձեւի հեղինակները դրել են բացառապես Ռուսաստանի վրա:

 

«Եթե մենք ագրեսիա թույլ տանք Ուկրաինայի նկատմամբ եւ մի կողմ քաշվենք՝ ուկրաինացիներին չտրամադրելով գոնե պաշտպանվելու հնարավորություն, ապա դրանով իսկ ազդանշան կտանք համաշխարհային հանրակցությանն այն մասին, որ պակասել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը պաշտպանելու մեր պատրաստակամությունը»,- հայտարարել է բանաձեւի հեղինակներից մեկը՝ հանրապետական Էդ Ռոյսը:

 

Դոնբասի զինված հակամարտության ընթացքում Կիեւը ռազմական օգնություն է ստացել ՆԱՏՕ-ի մեջ մտնող մի քանի եվրոպական պետություններից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Չեխիային եւ Լիտվային: Վաշինգտոնը 320 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար: Մինչ այժմ մատակարարումները սահմանափակվում էին ոչ մահաբեր սպառազինությամբ: Եվրոպական երկրներից շատերը դեմ են Ուկրաինային զենք մատակարարելուն: Դրանց թվում են Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Էստոնիան, Իտալիան, Հունգարիան եւ Լեհաստանը: